Մինչ Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնների հետ՝ BlackRock-ին պատկանող Global Infrastructure Partners-ի միջոցով մինչև 1.5 միլիարդ դոլարի ենթակառուցվածքային ներդրումների շուրջ, Հայաստանը այս գործընթացներում հանդես է գալիս ոչ թե որպես կողմ, այլ որպես տարածք, որի ճակատագրի շուրջ որոշումներ են կայացվում առանց իր իրական մասնակցության։
Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի (SOFAZ) և Global Infrastructure Partners-ի միջև քննարկվող համաձայնագիրը բացահայտում է Բաքվի ռազմավարական մոտեցումը․ նավթային կապիտալը փոխակերպվում է գլոբալ ազդեցության, քաղաքական վստահության և երկարաժամկետ վերահսկողության ենթակառուցվածքների նկատմամբ։ Տվյալների կենտրոններ, օդանավակայաններ, տարածաշրջանային թվային և արհեստական պահանջարկին սպասարկող համակարգեր՝ Ադրբեջանը կառուցում է սուբյեկտային պետության մոդել՝ ինտեգրված համաշխարհային ֆինանսական համակարգին։
Եվ այս նույն ժամանակահատվածում Հայաստանը պաշտոնապես ամրագրում է իր սուբյեկտայնության նվազեցումը։ Խոսքը այլևս ենթադրությունների կամ «շրջանառվող լուրերի» մասին չէ։ ՀՀ-ԱՄՆ համատեղ պաշտոնական հայտարարությամբ ստեղծված «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն»-ում (TRIPP) բաժնեմասերի 74 տոկոսը փոխանցվել է ԱՄՆ-ին, իսկ Հայաստանին մնացել է ընդամենը 26 տոկոսը։ Ըստ նույն հայտարարության՝ նախաձեռնության նպատակն է աջակցել տարածաշրջանային կարգավորմանը՝ Հայաստանի օրենքներին համապատասխան ուղիների տրամադրման միջոցով։ Սակայն իրավաքաղաքական իրականության մեջ սա նշանակում է մի շատ պարզ բան․ Հայաստանի տարածքում գտնվող ռազմավարական հաղորդուղիների կառավարման վերահսկիչ փաթեթը այլևս հայկական կողմի ձեռքում չէ։
Այս կառուցվածքը ուղղակիորեն առնչվում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ Երբ օտար պետությունն ունի կառավարման գերակշիռ բաժնեմաս, սուվերեն վերահսկողությունը դառնում է ձևական, իսկ որոշումների ընդունումը՝ արտաքին շահերից բխող։ Զանգեզուրը այսպիսով դադարում է դիտարկվել որպես բացառապես հայկական ռազմավարական տարածք և վերածվում է միջազգային ենթակառուցվածքային նախագծի։
Ավելին՝ գլոբալ քաղաքական փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը նման ակտիվները չի պահում որպես վերջնական նպատակ։ Դրանք սակարկության, ազդեցության և հետագա փոխանցման գործիքներ են։ Այդ իսկ պատճառով լիովին իրատեսական է դառնում սցենարը, ըստ որի, ԱՄՆ-ը կարող է իր բաժնեմասը փոխանցել կամ վաճառել Ադրբեջանին կամ Ադրբեջանի հետ փոխկապակցված կառույցներին։ Այդ դեպքում Զանգեզուրը կհայտնվի ոչ միայն քաղաքական, այլև կառավարչական առումով Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ միջազգային միջնորդության քողի տակ։
Այս ամբողջ պատկերը բացահայտում է վտանգավոր հակադրություն․ երբ Ադրբեջանը ամրապնդում է իր դիրքերը՝ ներգրավվելով BlackRock-ի նման գլոբալ խաղացողների հետ գործընկերության մեջ, Հայաստանը սեփական ձեռքով զիջում է ռազմավարական լծակները՝ հանձնելով վերահսկողությունը արտաքին ուժերին։ Երբ Ադրբեջանը դառնում է ներդրումային հանգույց, Հայաստանը վերածվում է միջանցքի։ Երբ Ադրբեջանը կառուցում է ապագան, Հայաստանը սպասարկում է ուրիշների նախագծերը։
Սա արդեն պարզապես դիվանագիտական կամ տնտեսական սխալ չէ։ Սա պետականության մոդելի փոփոխություն է, որտեղ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնուրույն դերակատար, այլ որպես տրանզիտային տարածք՝ օտար կառավարման ներքո։ Եվ եթե այս գործընթացը չկանգնեցվի, վաղը Հայաստանը միջազգային քարտեզի վրա կներկայացվի ոչ թե որպես պետություն, այլ որպես ենթակառուցվածքային հավելում՝ մեծ խաղացողների շահերի խաչմերուկում։
«Ճշմարտության ձայն»